Տարեվերջն անցնում է Լևոն Տեր-Պետրոսյանի և Սեյրան Օհանյանի պինգ-պոնգով, թեպետ կարող է թվալ՝ նրանք տարբեր հարթակներում են ու տարբեր քաշային կատեգորիայում, բայց Լեռնային Ղարաբաղի հարցը երկուսին բերել է նույն խաղասեղանի շուրջ: Չկրկնեմ՝ ով ինչ է ասում: Երեկ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ilur.am կայքում պարզաբանեց ի՞նչ էր ասել ՀԱԿ համագումարում՝ ո՞վ և ի՞նչ չէր հասկացել: Առաջին նախագահը մի թեթև խորամանկել էր, թե «բացասական, զգացական, խեղաթյուրիչ, մեղադրական, սպառնալից, հիստերիկ արձագանքներն» իր համար սպասելի և կանխատեսված էին, անակնկալը դրական արձագանքների առատությունն էր:
Այդ պարագայում նա աչքերը կկոցած՝ գոհունակ կժպտար ու ոչինչ պարզաբանելու կարիք չէր զգա, այնուամենայնիվ, «ուղեղների լվացմանն ուղղված տասնութամյա պետական քարոզչությանը» հաջողվել է ողջախոհությունն արմատախիլ անել մեր իրականությունից, որ ստիպել է նրան պատասխանել «ուրիշների արյան վրա ձեռքեր տաքացնող խղճուկ «պոլիտիկաններին», որ նրան լավ էլ զայրացրել են, այլապես կպահեր սառնասիրտ պրագմատիզմը և չէր անվանի ընդդիմախոսներին «ծիծաղելի ու ողորմելի իրավիճակում հայտնված»։
Սքանչելի ժեստով Լևոն Տեր-Պետրոսյանը շրջել է խաղատախտակը և հայտարարել՝ «Դեկտեմբերի 17-ին ես ոչ թե ներկայացրել եմ Ղարաբաղի հարցի լուծման իմ տեսակետը կամ հայեցակարգը, այլ խոսել եմ այս պահին բանակցությունների սեղանին դրված և Հայաստանի իշխանությունների կողմից սկզբունքորեն ընդունված կարգավորման մի կոնկրետ ծրագրի մասին, որի հետ անձամբ ես և ՀԱԿ-ը որևէ կապ չունենք։ Դա կարգավորման «մադրիդյան-կազանյան-լավրովյան» կոչված տարբերակն է, որը, ըստ էության, ոչնչով չի տարբերվում 1997 թ. փուլային տարբերակից»:
Հարց՝ ի՞նչ նպատակով է նախընտրական տարում համագումարի նախընտրական ելույթը կազմվում՝ առանցք ունենալով Ղարաբաղի հարցը, այլ ոչ թե տասնյակ հարցերից որևէ մեկը կամ մի մի քանիսը, որ Հայաստանի Հանրապետության օրակարգում են: Նույնիսկ իր սողոմոնյան պերճախոսությամբ Լևոն Տեր-Պետրոսյանը չի կարող համոզել, որ Հայաստանի Հանրապետության օրակարգը սկսվում ու ավարտվում է Լեռնային Ղարաբաղով և մյուս հարցերը կարևոր չեն: ՀՀ իշխանությունները հնարավորություն չունե՞ն ներկայացնել ու չե՞ն ներկայացրել «մադրիդյան-կազանյան-լավրովյան» կոչված տարբերակը», ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակեց այդ տարբերակը, հետո հայտարարեց, որ դա իշխանության բանակցության առարկան է, իր հետ կապ չունի և բոլոր թունավոր նետերը իրեն չէ, այլ իշխանությանն են ուղղված: Իսկ գուցե նրա պարզաբանման հիմքում ոչ այնքան ԼՂ հարցով ընկալված չլինելն է, որքան իշխանության չտված պատասխանի «պատասխանը»:
Ո՞Ւր կորան միջնադարյան փիլիսոփաներն ու բանաստեղծները, խաչակիրները, մերօրյա օտարերկրյա տասնյակ գործիչները: ՀԱԿ համագումարում իշխանության որդեգրած քաղաքականության մասին Լևոն Տեր-Պետրոսյանը չէ՞ր ասում. «Շատ խելք պետք չէ հասկանալու համար, որ այդ գաղափարը ստատուս քվոյի պահպանման միևնույն ռազմավարությունն է՝ մատուցված ուրիշ փաթեթավորումով։ Այսինքն, մեր իշխանությանը հոգեհարազատ մարկետինգի տրամաբանությամբ՝ իր սնանկությունն ապացուցած, բարոյապես մաշված և սպառողին ձանձրացրած բրենդը փոխարինվել է մի այլ, ավելի գրավիչ ու բարեհունչ բրենդով։ Այլ կերպ ասած, դաս չքաղելով անցած 18 տարիների դառը փորձից, վարչախումբը որոշել է շարունակել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հավերժ առճակատման տխրահռչակ քաղաքականությունը, որն այս կարճ ժամանակամիջոցում արդեն իսկ տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական ու բարոյահոգեբանական բազում ավերներ է գործել Հայաստանում և Ղարաբաղում։ Դա նշանակում է առնվազն ևս 18 տարի ենթարկվել այդ ավերներին, մինչև Հայաստանից ու Ղարաբաղից բան չմնա, և խնդիրն ինքնըստինքյան կորցնի իր ակտուա-լությունը»։ Հիմա իշխանությունը ո՞ր տխրահռչակ քաղաքականությունն է վարում՝ ստատուս քվոյի պահպանմա՞ն, թե՞ «մադրիդյան-կազանյան-լավրովյան»:
Եթե այդքան լավն է փուլային ծրագիրը, եթե այդքան ռացիոնալ է Իլհամ Ալիևը, եթե Ռուսաստանի ձեռքում է հարցի լուծման բանալին, ինչո՞ւ ապրիլին Ալիևը հարձակվեց շփման գծի ողջ երկայնքով: Չէ՞ր ուզում Ղարաբաղի հսկողության տակ գտնվող յոթ շրջաններից հինգը ստանալ, չէ՞ր ուզում Ղարաբաղա-ադրբեջանական նոր շփման գծում տեղակայվեն խաղաղարար ուժեր: Փաստորեն՝ ոչ, փաստորեն պատրաստ չէր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակի ճանաչման: Ռացիոնալ Իլհամ Ալիևը շարունակում է հայտարարել, որ հայկական երկու պետության գոյություն թույլ չի տա, որ ԼՂ առավելագույն կարգավիճակը Ադրբեջանի կազմում ինքնավարությունն է, ինչպե՞ս պիտի և ինչո՞ւ վերացվի Ղարաբաղի և Հայաստանի շրջափակումն ու վերականգնվեն Ադրբեջանը, Ղարաբաղը, Հայաստանը (հավանաբար նաև Թուրքիան) կապող հաղորդակցության բոլոր ճանապարհները: Անվտանգության գոտին հանձնելուց հետո ռացիոնալ Իլհամ Ալիևին Լևոն Տեր-Պետրոսյանի գովե՞ստը պիտի ստիպի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջնական կարգավիճակը, թե՞ մնացյալ երկու շրջանների վերադարձի ակնկալիքը (բացի Լաչինի միջանցքից), եթե առաջին հինգն էլ չի շտապում «վերցնել»։
ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն ինչ պատասխանատվություն են կրում՝ իրենց գործն է, բայց Լևոն Տեր-Պետրոսյանը չէ՞ր ասում. «Հայաստանում ճշմարտության երեսին ուղիղ նայող ուրիշ ուժ չկա։ Եթե մենք էլ մյուսների պես լռենք, ողջախոհության ճրագը մեր երկրում վերջնականապես կմարի։ ՈՒստի, անկախ այն բանից, թե մեզ ինչ պիտակներ կփակցնեն, ես Կոնգրեսին առաջարկում եմ խիզախաբար ընտրությունների գնալ «Խաղաղություն, Հաշտություն, Բարիդրացիություն» նշանաբանով։ Դա չի կարող հասկացողություն չգտնել ժողովրդի ճնշող մեծամասնության մոտ, որովհետև Հայաստանի ու Ղարա-բաղի փրկության, ապահովության ու զարգացման այլ ճանապարհ գոյություն չունի»՝ նախապես առաջարկելով.
«a. Զիջում ես մասը, մյուս մասը կարողանում ես պահպանել.
b. Ոչինչ չես զիջում, կորցնում ես ամեն ինչ.
c. Մասը պահողները հռչակվում են դավաճաններ. Ամեն ինչ կորցնողները կոչվում են հայրենասերներ»։
Իսկ հիմա կրկնում է՝ «Ես և կոնգրեսը ոչ միայն այս ծրագրի հետ որևէ կապ չունենք, այլև ընդհանրապես, կարծիք արտահայտելուց բացի, նրա գործադրման վրա ազդեցության այլ լծակի չենք տիրապետում։ Հետևաբար ստացվում է, որ փոխզիջումը և տարածքների հանձնումը պարտվողականություն ու դավաճանություն համարողները բանավիճում են ոչ թե մեզ, այլ իրենք իրենց հետ և դատափետում են ոչ թե մեր տեսակետն ու հայեցակարգը, այլ իրենց իսկ ծրագիրը»։
Եվ՝ ինչո՞ւ է կողմ այդ ծրագրի «անհապաղ գործադրմանը»: Հարցի լուծման բանալին Ռուսաստանի ձեռքում լինելու պատճառո՞վ է պնդում, որ ուշացնելու պարագայում Հայաստանն ու Ղարաբաղն ավելի են թուլանալու և հաջորդ լուծումն ավելի վատն է լինելու, քան այս մեկը, բայց չի կարող դա բարձրաձայն ու ուղղակի ասել։
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իրականում ոչ հարցի լուծման բանալին է Ռուսաստանի ձեռքում, ոչ Լևոն Տեր-Պետրոսյանն է մտածում Ղարաբաղի մասին: Ղարաբաղը միջոց է՝ հարց լուծելու, ինչպես Սեյրան Օհանյանի համար: ՈՒ դա անվայել է: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն անկախ պետություն է, այդ պետությանը պետք է հարգել ու սեփական խնդիրների լուծման համար քարկտիկ չդարձնել՝ ոչ իբրև նախընտրական շրջանի քաղաքական պատգամ, ոչ փոխզիջման ու խաղաղության նախապատրաստություն՝ ռացիոնալ մտածողության շրջանակներում: